BBC-ի տեղեկացմամբ՝ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ առայժմ չի ցանկանում նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի նկատմամբ, որպեսզի չվնասի խաղաղ գործընթացին։ Նրա դիտարկմամբ՝ ռուս-ուկրաինական հակամարտությունը պետք է մնար Եվրոպայի խնդիրը, ԱՄՆ-ը չպետք է միջամտեր, և եթե էական առաջընթաց չլինի, ԱՄՆ-ը իր դերը կարգավորման հարցում կզիջի Եվրոպային։ Նա հավաստիացրել է, որ ամերիկացի զինվորներ ՈՒկրաինայում չեն լինի։                
 

«Զինված մարդկանց հետ չեն բանակցում, եթե դու նորմալ պետություն ես»

«Զինված մարդկանց հետ չեն բանակցում, եթե դու նորմալ պետություն ես»
29.07.2016 | 00:36

ՊՊԾ գնդի գրավումից հետո քննարկման առաջին հարցն այն էր, թե արժե՞ այս տարբերակով երկրում փոփոխություններ իրականացնել: Քիչ չէին դրան կողմ արտահայտվող քաղաքացիները: ՀԴԿ ղեկավար ԱՐԱՄ ՍԱՐԳՍՅԱՆԸ մերժում է իշխանափոխման այս տարբերակը, միաժամանակ բացատրելով, որ այսօրվա իրավիճակն անկախության ողջ տարիների ընթացքում արմատացած սխալների հետևանք է: Զինված հարձակման մասին է «Իրատեսի» զրույցը քաղաքական գործչի հետ:

-Հայաստանի բնակչության մեծամասնությունը դժգոհ է այսօրվա պայմաններից, իշխանություններից: Քսանհինգ տարի հայաստանյան ոչ մի ընդդիմադիր ուժ քաղաքական պայքարի ճանապարհով չկարողացավ արդարացնել հանրության սպասելիքները: Այսուհանդերձ, ճի՞շտ է զենքով փոփոխություններ պահանջելը, բոլոր տարբերակները սպառե՞լ են իրենց:
-Եթե մենք լինեինք օրինական պետություն, որտեղ օրենքը բոլորի համար է, իհարկե, կհամաձայնեի, որ սա ամբողջովին մերժելի ճանապարհ է: Հիմա էլ է մերժելի, պարզապես սա քսանհինգ տարվա սխալ կառավարման արդյունք է: Չի լինում այնպես, որ մի սխալ քայլ անեն, մարսեն ու համարեն ամեն ինչ վերջացած: Պետք է սեփական պատմությունը նայել: Ինչու քաղաքական պայքարով չէր հաջողվում մեզ հասնել փոփոխությունների: Մեկ օրինակ. 1993-ին մեր կուսակցությունը, երկրի իրավիճակը վերլուծելով, փաստաթուղթ-առաջարկ ներկայացրեց Լևոն Տեր-Պետրոսյանին, որպեսզի ձևավորվի ազգային պետական խորհուրդ: Էջուկեսանոց փաստաթուղթը նա կարդաց, տարավ-բերեց ու հայտարարեց. «Բա ես հեչ լավ բան չե՞մ արել»: Ասացի. «Նախագահ են ընտրվում, որ միայն լավ բաներ անեն»: Նա հակադարձեց, որ այդ առաջարկներին չի հետևի (դրանք սեփականաշնորհման անմիտ քաղաքականությանն էին վերաբերում): Նրանց կառավարման տարիներին շուրջ մեկ միլիոն մարդ երկրից հեռացավ: Հիմա էլ ասում ենք, որ արտագաղթը մեծ չափերի է հասնում, ու հետևանքներն աղետալի են լինելու: Ոչ միայն մարդկային ռեսուրս ենք կորցնում, այլև ուղեղների արտահոսք է լինում, դառնում ենք անմրցունակ երկիր: Ասել է` կուտակված դժգոհությունը պետք է մի տեղից դուրս «պրծնի»: Հանրապետության նախագահը հայտարարեց, թե այս ամենից պետք է դասեր քաղել: Ինձ շատ հետաքրքիր է, թե այդ ո՞ր դասերի մասին է խոսքը: Եթե խոսքն այն մասին է, որ ուժային կառույցները չեն կարողացել վերահսկել իրավիճակը և այսպիսի բան է տեղի ունեցել, նշանակում է՝ սա պետական համակարգի լուրջ բացթողումն է: Բայց եթե միայն սրանով պետք է ավարտվի «դասեր քաղելը», նորից կլինեն նման իրավիճակներ, քանի որ անգամ նախագահն է խոստովանում, որ դժգոհողների թիվը մեծ է: Որպես ընդդիմադիր կուսակցության ղեկավար, այսօր վախենում եմ արդեն միտինգներ անելուց, քանի որ տարիների անհաջող փորձը հուշում է, որ ամեն անգամ ժողովուրդը հուսահատվել է ու թողել հեռացել: Այսինքն, ավելի լավ է այդպիսի գործողություններ չսկսել, հույս չտալ մարդկանց, քան ըմբոստության ալիք բարձրացնել, ինչին անհաղորդ կմնա իշխանությունը, իսկ արտագաղթը նոր թափ կհավաքի: Միայն իշխանությունը չէ երկրի ապագայի համար պատասխանատու, այլ մեզնից յուրաքանչյուրը: Վաղը, եթե պետականություն կորցնենք, ո՞ւմ ենք մեղադրելու: Միայն իշխանությունների՞ն, բա մենք ո՞ւր էինք: Ամենացավալին այն մոտեցումն է, որ անկախ Հայաստանի բոլոր նախագահները մի քանի տարի աշխատում են, հետո հանկարծ իրենց թվում է, թե անսխալական են, խորհուրդներ չեն լսում, իրողություններն էլ չեն տեսնում:
-Զինված հարձակում իրականացրած անձանց մեջ չկան քաղաքական ճանապարհ անցած մարդիկ, ազատամարտիկներ են և տարբեր մասնագիտությունների տեր մարդիկ: Ավելին, զինյալները գնացին այս քայլին` «դրսում» չունենալով թիմակիցների բանակ: Առանց աջակիցների, քաղաքական հիմնավոր հաշվարկների, միայն զենքով հնարավո՞ր է ցանկալի արդյունքի հասնել:
-Քաղաքական ուժերն օբյեկտիվորեն չկարողացան իրավիճակ փոխել: 1996-ին իշխանափոխության բոլոր քայլերն արված էին, սակայն տեսանք, թե այդ ամենն ինչով ավարտվեց: Նույնը եղավ 2003-ին, 2004-ին: Ոչ մի արդյունք չտվեց նաև 2007-ի, 2008-ի պայքարը: Ժողովուրդը հասկացավ, որ կուսակցություններից չպետք է ակնկալիքներ ունենալ: Հիմա փորձ արվեց քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներով շարժում սկսել, ինչպես «Էլեկտրիկ Երևանը», որն ինչ-որ հաջողության հասավ: Պայքարի այս ձևը ոմանց մեջ պատրանք ստեղծեց, թե սա համակարգի դեմ դուրս գալու ավելի ճիշտ տարբերակ է: Գործին ազատամարտիկների խառնվելը պատերազմի սինդրոմի մասին է վկայում: Պատերազմում հաղթած մարդիկ վերադառնում են ու տեսնում, որ իրենք, փաստորեն, տանուլ են տվել, քանի որ անհասկանալի մարդիկ դարձել են գեներալներ, դղյակների տեր, իսկ իրենք պետք է մտածեն օրվա հացի մասին: Տարիների ընթացքում կուտակվում է նրանց դժգոհությունը: Այս գործընթացների ամենագլխավոր շարժիչ ուժն անարդարությունն է: Ինչո՞ւ պետք է զոհված ազատամարտիկի ընտանիքը սովի մատնված լինի, իսկ գողուավազակները կասկածելի միջոցներով դղյակներ կառուցեն: Այս բևեռացումը մի օր գլուխ էր բարձրացնելու, և բարձրացրեց՝ «Սասնա ծռերի» տեսքով: Համամիտ չեմ այն տեսակետին, թե ինչ-որ մեկն է նրանց հրահրել, իրենք իրենց ճիշտ ու սխալ պատկերացումով են առաջնորդվել: Այո, նրանք քաղաքականապես անփորձ են, չունեն ծրագիր, բայց սա կուտակված դժգոհության պոռթկում է, որն էլի է լինելու, եթե իշխանությունը հաշվի չնստի ժողովրդի պահանջների հետ: Ընդամենը մի քանի փաստ նշեմ, որպեսզի պարզ դառնա, թե ինչու դժգոհները շատ են մեր երկրում: Եթե այսօր ամեն ինչ փորձում են օրենքով անել, ապա ժամանակին պետք է օրենքի տառին հետևեին և իրավիճակը չհասցնեին սրան: Համաշխարհային բանկի տվյալներով՝ մեր տնտեսությունը 500-700 մլրդ դրամ կորցնում է կոռուպցիայի պատճառով: 10 տարվա ընթացքում մեր երկրից 10 մլրդ դոլար է դուրս եկել, փաստորեն, ամեն տարի 1 մլրդ դոլար երկրից դուրս է տարվում, որտեղի՞ց են վերցնում այդ մեկ միլիարդը: Էլ չենք խոսում պետական պարտքի մեծ չափերի մասին: Քանի անգամ կառավարությանն ասենք, որ այնպիսի պետական պարտք պետք է ձևավորել, որը զարգացնում է տնտեսությունը: Այդ պարտքով ջրամբարներ ենք կառուցում, երբ դրանց արդյունավետությունն ընդամենը 40-60 տոկոս է: Այսինքն, այդքան ջուր կորցնում ենք, բայց նոր ջրամբարներ ենք կառուցում: Պետգնումների խայտառակ վիճակի մասին էլ չասենք, երբ մշտապես նույն ընկերություններն են մրցույթում շահում, որոնց հետևում այս կամ այն չինովնիկն է: Անընդհատ խոսում են ներդրողներից, միայն այս տարի ներդրումները կրճատվել են 58 տոկոսով: Սա իշխանության հանդեպ անվստահության մասին է խոսում: Եթե չեք ցանկանում այս ամենը շտկել ու ասում եք` յոլա գնացեք, ժողովուրդն ինչպե՞ս վարվի: Վերադառնալով թեմային, ասեմ, որ զինված մարդկանց հետ չեն բանակցում, եթե դու նորմալ պետություն ես: Բայց եթե այս վիճակում ենք արդեն, իշխանությունը պետք է ելքեր փնտրի և վերացնի պատճառները: Այսօրվանից պետք է ցույց տալ, որ նաև այդ խմբի պարտադրանքով գնում են լուրջ բարեփոխումների:
-Այդ առումով կա այլ տեսակետ. եթե իշխանությունը գնա զինված խմբի պահանջները կատարելու ճանապարհով, վաղը մեկ այլ զինված խումբ իր պահանջները կթելադրի, այսինքն, կստեղծվի վատ նախադեպ:
-Խոսքը ոչ թե նրանց ներկայացրած վերջնագրերի մասին է, այլ ժողովրդի իրական պահանջների: Պետք է ժողովրդի հետ խոսել, հասկանալ խնդիրները: Երբ ժամանակին նախագահներից մեկին ասացի (խոսքը Ռոբերտ Քոչարյանի մասին է- Ռ. Խ.), որ պարտավոր է ամիսը մեկ անգամ հեռուստատեսությամբ տարբեր խնդիրների մասին մարդկանց հետ խոսել, ասաց. «Դա իմ ստիլը չէ»: Բա դուք ինչո՞ւ եք երկրի ղեկավար դարձել: Իսկ եթե շրջապատդ մշտապես քեզ օվսաննա է երգում, ու դու դրանից բավարարված ես, արդյունքն այսպիսին է լինում: Եթե իշխանությունը քննադատությունն իբրև թշնամություն է ընդունում, նշանակում է՝ արդեն ադեկվատ չէ:
-Անշուշտ, մեզանում բազմաթիվ խնդիրներ կան, բայց դրանք լուծել ցանկացողներն ընտրել են հետևյալ մարտավարությունը` ջարդեք, փշրեք ձեր դեմ կանգնողին: Սրան զուգահեռ՝ այրվում են մեքենաներ, անկարգություններ հրահրվում: Սա կասկածի տակ չի՞ դնում նրանց արդար մղումները, թե՞ Դուք կասկածով չեք վերաբերվում նրանց բարի նպատակներին:
-Իհարկե, այդ ոչ օրինական ճանապարհները ոչ մի լավ բանի չեն հանգեցնում: Սակայն այսպիսի պայմաններում չէին կարող չառաջանալ մարգինալ խմբեր, որոնց թվում են քաղաքական փորձից զուրկ, ազնիվ, բայց որոշակի ծայրահեղական տրամադրություններով տոգորված անձինք: Իհարկե, տհաճ է տեսնել, թե մեքենաներն ինչպես են այրվում, մյուս կողմից՝ սնունդ չմատակարարելով նրանց խեղճացնելն էլ հարցի լուծում չէ: Չեն ուզում պատճառը վերացնել, հետևանքի հետևից են ընկել: Ոչ մեկը, բնականաբար, չէր ցանկանա, որ այսպիսի սցենարով փոփոխություններ լինեն, սակայն ունենք այն, ինչ ունենք: Այս պարագայում պետք է հաշվի առնել նաև արտաքին աշխարհի արձագանքը, ոխերիմ հարևանի մոտեցումները և ներքին կյանքում հնարավոր սրացումները:
-ՊՊԾ գնդում և Խորենացու փողոցում լիովին տարբեր տրամադրություններ էին, հաջողվե՞ց ՊՊԾ-ից ներս ու դուրս իրողությունները համադրել և իրական պայքար ծավալել, եթե հաշվի առնենք նաև, որ Խորենացու փողոցում հայտնվեցին տարբեր հոսանքներ, հայացքներ, ուղղություններ ներկայացնող անհատներ:
-Այդ ջրբաժանը նաև ՊՊԾ գնդի տղաները գծեցին: Մեր կուսակցության առումով ասեմ, թե ինչու մենք այնտեղ չենք: Մեզ հասկանալի չեն իրական նպատակները, դրանց հասնելու ձևերը, մեթոդները: Նաև իրենք չեն ցանկացել, որ այս ամենին մաս դառնան կուսակցությունները: Կա նաև գլխավոր հարցը` ենթադրենք, գնացինք, ո՞ւր ենք ուղղորդելու ժողովրդին: Մինչ այս մենք որ պայքարին միացել ենք, հստակ գիտակցել ենք՝ ուր և ում հետ ենք գնում: Հիմա այդպիսի իրավիճակ չէ, և հետո չեմ ցանկանում, որ այսպիսի նախադեպով փոփոխություններ իրականացվեն: Դրա համար էլ իշխանություններին կոչ ենք անում վերանայել իրենց դիրքորոշումները, քանի որ, այսպես ասած, նրանց «տանն» ամեն ինչ նորմալ չէ:
-Զինված հարձակումն ինչպե՞ս կանդրադառնա Հայաստանի վարկանիշի վրա:
-Շատ վատ ազդեցություն կունենա: Արդեն վերանայվում են մոտեցումները: Սովորաբար կայուն հարաբերություններ ստեղծում են այն երկրի ղեկավարների հետ, ովքեր հաստատուն և վստահելի գործընկերներ են: Ամենագլխավոր գործոնը այն է, որ նախագահը պետք է վայելի իր ժողովրդի բացարձակ մեծամասնության վստահությունը: Մենք հետ ենք մնում աշխարհաքաղաքական գործընթացներից մի պարզ պատճառով՝ վստահ քայլեր չենք անում, համաչափ գործողություններ չկան: Դարձել ենք ԵԱՏՄ անդամ, ու պետք է բոլոր հնարավոր գործողություններն արվեն այդ անդամակցությունից օգուտներ քաղելու համար: Այնինչ ոչ մի օգուտ առայժմ չկա: Այս քայլով փորձում ենք Ռուսաստանի հետ մեր հարաբերություններն ավելի ամրապնդել, բայց ջանք չենք թափում մեր շահերն էլ նրան ներկայացնելու համար: Նորից պիտի հիշեցեմ «Գազպրոմի» հետ կնքած պայմանագիրը, որին հայ չինովնիկի ձեռք չի կպել, անգամ ստորակետ չի փոխվել: Նրանք գրել են իրենց շահից ելնելով, մտածելով, որ մենք կսակարկենք, կքննարկենք, սակայն մերոնք անգամ այդ երկխոսության մեջ չեն մտել, ի՞նչ է եղել, միևնույն է, ժողովրդից են «քերթելու» գումարները: Ինչքա՞ն կարելի է խոսել խնդիրների մասին ու անմասն մնալ լուծումներից: Այսպես հարցեր չեն լուծվում: Եվ եթե շքեղ կյանքով են ապրում, սա դեռ չի նշանակում, թե երկիրը ծաղկուն վիճակում է:

Զրույցը՝ Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ

Դիտվել է՝ 5430

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ